Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵՐԱՆԻ՜ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՓՈՍԻՆ ԿՀԱՍՆԵՆ ՄԱՔՈՒՐ ՈՒ ԱԶՆԻՎ ԽՂՃՈՎ

ԵՐԱՆԻ՜ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՓՈՍԻՆ ԿՀԱՍՆԵՆ ՄԱՔՈՒՐ ՈՒ ԱԶՆԻՎ ԽՂՃՈՎ
01.04.2011 | 00:00

Ի՞նչ է երջանկությունը: Ո՜վ ասես չի փորձել պատասխան տալ դարեր շարունակ հնչող այդ հարցին` սկսած հասարակ մահկանացուից մինչև հանճարեղ անհատը: Ըստ իս, սակայն, այդ հարցին հանճարեղ պատասխան է տվել անտիկ ժամանակաշրջանի մեծագույն ողբերգակ Սոֆոկլեսը: Բայց մինչ հանճարի միտքը վկայակոչելը, փորձեմ հասկանալ, թե մեր օրերում ինչ է կատարվում աշխարհի տիրակալների հետ: Քառասուն տարի Եգիպտոսը ղեկավարած Մուբարաքը, անշուշտ, իրեն երջանիկ էր զգում: Երջանիկ էր, որովհետև կռվել էր հայրենիքի անկախության համար, ավիացիայի մարշալ էր, ուներ պատիվ, հարգանք, տուն ու տեղ, կին, երեխաներ, հարստություն և ամենակարևորը` նախագահական աթոռին էր բոլորել նրա ութ տասնյակ տարին: Մի՞թե նա բոլոր հիմքերը չուներ ասելու` ես երջանիկ եմ:
Բայց ավա՜ղ…
Նման անուններ մեկ տասնյակից ավելի կարելի է թվարկել արաբական աշխարհում: Եվ ինչո՞ւ միայն արաբական: Բայց այդ անունների մեջ կար մեկը` գնդապետ Քադաֆին, որը չորս տասնյակ տարի գտնվում էր գահին: Ժողովուրդը պաշտում էր նրան: Կատա՞կ բան է, ՀՆԱ-ն Լիբիայում մեկ շնչի հաշվով կազմում էր 14320 դոլար: Յուրաքանչյուր գործազուրկ ամսական 730 ԱՄՆ դոլար նպաստ էր ստանում: Բացի անձնական երջանկությունից, հարեմ, երեխաներ, անսահման իրավունք` ոչ թե թագավոր կամ նախագահ, այլ լիբիական ժողովրդի առաջնորդ, որը վայելում էր նաև ժողովրդի սերը: Ախր առաջնորդ բառը ներառում է անսահման ժողովրդական սեր: Քադաֆին առավել քան երջանիկ էր:
Բայց ավա՜ղ, մի օր պարզվեց … Մեջբերենք Սոֆոկլեսին. «Քանի դեռ քո առաջ չի բացվել գերեզմանիդ փոսը, և դու հանգիստ խղճով չես իջել գերեզման, երբեք մի մտածիր, թե դու երջանիկ ես եղել»:
Այսօր ովքե՞ր են Մուբարաքը, Կուչման, Քադաֆին և երեկվա բոլոր հայտնի ու անհայտ երջանիկները: Նրանք հանգիստ խղճով չեն կարող գերեզման իջնել, քանզի նրանց առջև բացվելիք փոսի ճամփան արդեն իսկ երջանիկ չէ:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ. -Իմ երկրի թալանչիներն էլ թող հաստատ իմանան, որ թալանով երջանիկ չեն կարող լինել, որ նրանց առջև էլ չի բացվելու գերեզմանի փոսը, որ նրանք էլ ազնիվ խղճով և անբիծ հոգով չեն իջնելու գերեզման: Երանի՜ նրանց, ովքեր գերեզմանի փոսին կհասնեն մաքուր ու ազնիվ խղճով:
Անկեղծ ասած, մեծագույն երջանկություն է գերեզմանի փոսին երջանիկ հասնելը:

Դիտվել է՝ 1460

Մեկնաբանություններ